Հարգելի վեհափառ, ես ոչ անվանի գրող եմ, բանաստեղծ կամ հրապարակախոս, կամ քաղաքական գործիչ, այլ շարքային մտավորական, որին հատուկ են ազգային մտածելակերպը, առողջ բանականությունը, նաև հային հատուկ հանդգնությունը, բայց ոչ քյալլագյոզությունը, որը բխում է լոկ ազգային շահից ելնելով: Բնավորությանս շատ «բացասական» որակների պատճառով հաճախ եմ տուժել, բայց երբեք չեմ կորցրել ոչ առողջ բանականությունս, ոչ լավատեսությունս, ոչ էլ արարելու և հայրենիքին օգտակար լինելու անսահման ցանկությունս: Ասեմ, ամբողջ կյանքում, արդեն 79 տարեկան եմ, եղել եմ պայքարի ակտիվ դիրքերում: Ընդամենը 23 տարեկան էի, երբ 1965 թվականի ապրիլի 24-ին Երևանի հայտնի հրապարակում մարդկային ձեռքերի վրա ելույթ եմ ունեցել և հանդես եմ եկել ազգային պահանջատիրության դիրքերից: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից եմ եղել, բայց երբեք Լևոն-Լևոն չեմ գոչել և ոչ էլ Նիկոլ-Նիկոլ, որովհետև ես միշտ եղել եմ բանական արարած և երբեք չեմ բռնկվել որևէ անիմաստ պաթոսով: Ասենք հեղափոխությունների պատմությունը լավ իմացող անհատս չէր կարող ղեկավարվել էմոցիաներով: Չեմ ցանկանում տալ մեր երկրի օրհասական վիճակի գնահատականը: Չեմ ցանկանում խաղալ օր օրի երկրում վիրուսից մահացողների թվերի վրա և ոչ էլ մռայլ գույներով գուշակել մեր երկրի վաղվա օրը: Չեմ էլ ցանկանում ավելորդ անգամ խոսել մեզ երկու կողմից շրջապատած դաժան թշնամիներից:
Այսօր մեր երկրին անհրաժեշտ է շտապ դուրս գալ ստեղծված վիճակից: Ամենօրյա հապաղումը ավելացնում է վաղվա մեր դժվարությունների քանակը:
Ես լավ եմ հասկանում, երկրում չկա այն քաղաքական ուժը, որի հետևից կգնա ժողովուրդը: Ինչու՞, որովհետև բոլոր քաղաքական կուսակցությունները (ասեմ, որ կուսակցությունները միշտ անվանել եմ կազմակերպված քաղաքական բանդա, որ, ի տարբերություն բանդիտական խմբերի, ավելի մեծաքանակ են և վերջին հաշվով ժողովրդին պատճառում են ավելի մեծ վնասներ, քան սովորական բանդիտական խմբերը) անցած երեսուն տարիներին վերջին հաշվով այնքան ատելություն են առաջացրել ժողովրդի մեջ և կուտակված հզոր բացասական էներգիան օգտագործելով վայ քաղաքական գործիչները դեռ կարողանում են կառավարել ժողովրդին: Ժողովուրդն ատելությամբ լցված պատրաստ է գնալու ինքնակործանման, քան կգնա 30 տարի իրեն լլկողների և ստորացնողների հետևից: Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական ակտիվությամբ, մեր կարծիքով, մի քանի ամսով երկարացրեց իշխող ուժի քաղաքական կյանքը: Ես ոչ թե ատում եմ քաղաքական թավիշը, այլ պարզապես հասկանում եմ նրանց` երկիր կառավարելու անկարողությունը, որը վերջին հաշվով մեզ բոլորիս, նաև իրենց տանում է դեպի կործանում:
Այսօր մեր երկիրը գտնվում է 1918 թվականի մայիսին երկրում ստեղծված վիճակում: Ոմանք գուցե փորձեն արդարանալ, թե ունենք կազմակերպված բանակ, բայց այդ հարցը չեմ ցանկանում քննարկել, քանզի չեմ ցանկանում ծանրաբեռնել ասելիքիս բովանդակությունը: Ինչու հիշեցի 1918 թվականը: Երկրում քաոս էր: Ազգը կանգնած էր լինել-չլինելու առջև: Հիշեցի, թե ինչպես բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ մտան Ամենայն Հայոց Կաթողիկոս Սուրենյանցի մոտ և առաջարկեցին տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, որովհետև թուրքերը շուտով կմտնեն Էջմիածին: Հիշեցի նաև կաթողիկոսի անվարան պատասխանը: Եվ այդ պատասխանը դարձավ գործողությունների պլան: Եվ սկսեցին ղողանջել Էջմիածնի զանգերը` ժողովրդին կոչելով սրբազան պայքարի: Եվ 500 մահապարտ հոգևորականներ կաթողիկոսի հրամանով ընկան առաջ, իսկ նրանց օգնում էին երկու զինվորական գումարտակներ, որոնց տրամադրության տակ կար ընդամենը 20 թնդանոթ: Զանգերի ղողանջյունով մի քանի ժամում մոտակա գյուղերից, ով ինչպես կարող էր զինված` եղաններով, գերանդիներով, կացիններով, ուղևորվեցին դեպի Սարդարապատ, որտեղ տարած փայլուն հաղթանակը իր փառավոր շարունակությունը ստացավ Բաշ-Ապարանում: Այդ հաղթանակները կերտեց ոչ կանոնավոր բանակը` ժողովուրդը: Իսկ կանոնավոր բանակը պարտվեց Ղարաքիլիսայում: Բայց բոլոր դեպքերում Սարդարապատը տվեց հայ ժողովրդին ապրելու իրավունք: Այդ իրավունքը ներկա պահին վտանգված է առավելագույնս: Բոլոր քաղաքական ուժերը վարկաբեկված են: Օր օրի աճում է համաժողովրդական դժգոհությունը իշխանություններից: Գործող իշխանությունները տոտալ ձևով քանդում են պետական կառույցները և կարողացել են ազգը բաժանել սևերի ու սպիտակների: Եվ այդ ուժերը իշխանության գալու առաջին իսկ օրվանից փորձեցին գրավել Մայր աթոռը: Բայց փառք ու պատիվ Ձեզ, որ դիմացաք ստոր ճնշումներին, և նրանց ժանիքներից մի քանիսը կոտրվեց այդ կարճատև մարտում: Հակաազգային ուժերը գրավել են երկիրը: Ազգը օրհասական վիճակում է: Երկիրն այս վիճակից կարող է հանել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը: Հնչեցրեք եկեղեցու զանգերը և ժողովրդին կոչ արեք մայրաքաղաքն ազատագրելու օտարամոլ ուժերից: Դուք ոչ կուսակցություն եք, ոչ գործարար եք, ոչ գողացել եք և ոչ էլ թալանել եք ժողովրդին: Ոչ պապ եք սպանել և ոչ էլ եկեղեցու զանգակատնից տերտեր եք ցած գցել: Ոչ դիզվառելիք եք գողացել, ոչ ընտրակաշառք եք բաժանել: Դուք օժտված եք անձեռնմխելիության գերագույն օրենքով: Կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը` ամբողջ երկրով մեկ հնչեցրեք եկեղեցու զանգերը: Ժողովուրդը կգա Ձեր հետևից, իսկ Ձեր անվտանգությունը կապահովեն Ձեր առջևից քայլող գերանդիներով ու եղաններով, կացիններով ու փայտերով զինված մահապարտները: Երկիրը ծանր հիվանդ է, և այդ հիվանդ վիճակից միայն Դուք կարող եք հանել ժողովրդին: Հարգելի վեհափառ, ժամն է գործելու:
Հարգանքով`
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ